Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 5-րդ մասնաշենքում, որտեղ պատիժ են կրում ցմահ ազատազրկվածները, տեղի ունեցավ նոր կառուցված աղոթասենյակի օրհնություն, որի կառուցման նախաձեռնողները եղել են դատապարտյալները:
Օրհնությունն իրականացվեց հիմնարկի հոգևոր հայր Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի կողմից՝ մասնակցությամբ հիմնարկի վարչակազմի և դատապարտյալների: Վերջիններիս առաջարկով աղոթասենյակն անվանակոչվեց Սուրբ Խաչ՝ ի նշան եկեղեցիական տաղավար մեծ տոնի՝ Խաչվերացի:

Անվանակոչության կարգից հետո Տեր Գրիգորը օրհնության խոսք ուղղեց ներկաներին և հայտնեց իր շնորհակալությունը աղոթասենյակի կառուցման նախաձեռնողներին, նաև հիմնարկի վարչակազմին՝ նախաձեռնությանն ընդառաջելու և օժանդակելու համար: Արարողության կապակցությամբ դատապարտյալների կողմից ներկաներին մատաղ մատուցվեց: