Հունվարի 24-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը, ծառայության պետի տեղակալները, ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու քրեակատարողական հիմնարկների ղեկավար անձնակազմը:

Խորհրդակցության նպատակը Քրեակատարողական ծառայության կողմից 2018թ. ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփումն էր: Սկսելով խորհրդակցությունը՝ ՀՀ արդարադատության նախարարն առաջարկեց նախ համառոտ ներկայացնել 2018թ. տարեկան հաշվետվությունը, որի ընթացքում, ի թիվս կարևորություն ներկայացնող այլ ոլորտների, անդրադարձ կատարվեց նաև Քրեակատարողական ծառայության հաստիքային միավորների համալրվածությանը, կատարված հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերին, հայտնաբերված և առգրավված արգելված իրերին, իրականացված ծառայողական քննություններին, «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացված ահազանգերին, օրենսդրական նախաձեռնություններին, ազատազրկված անձանց զբաղվածությանն ու  վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումներին:

Լսելով հաշվետու զեկույցը՝ Ա. Զեյնալյանն առաջարկեց հաշվետվությունում ներառել  նաև հանձնուքների և դատապարտյալների երկարատև տեսակցությունների, տեսազանգերի քանակի վերաբերյալ տեղեկությունները: Նախարարն իր խոսքում անդրադարձավ  օրենսդրական նախաձեռնություններին, մասնավորապես խոսեց ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների համար և ցմահ ազատազրկման դատապարտված անձանց այլ դատապարտյալներից անջատ պահելու արգելքը վերացնելու մասին:

Արդարադատության նախարարի տեղակալ Ս. Քրմոյանը առանձնահատուկ շեշտեց, որ ընթացիկ տարում թիրախում պետք է պահել հատկապես դատապարտյալների զբաղվածության, վերասոցիալականացման, ինչպես նաև քրեական  ենթամշակույթի  վերացման հարցերը:

Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ա. Մխոյանը քրեակատարողական հիմնարկների ղեկավար անձնակազմի ուշադրությունը հրավիրեց քրեական ենթամշակույթը վերացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վրա՝ շեշտելով, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը սկսվում է անձին քրեակատարողական հիմնարկ ընդունելու պահից. նրանց հետ պետք է տարվեն հոգեբանական և բացատրական աշխատանքներ:

Այնուհետև ծառայության պետն անդրադարձավ արգելված իրերի ներթափանցումը կանխելու, ինչպես նաև դրանք հայտնաբերելու և առգրավելու  ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ առաջարկելով առավել արդյունավետ միջոցառումների կիրառում: Քրեակատարողական հիմնարկների պետերին հանձնարարեց ավելացնել չնախատեսված խուզարկությունների քանակը, բացառել մոլեխաղերը, շարունակել սննդի որակի ու բազմազանության բարելավմանն ուղղված աշխատանքները՝ կոչ անելով սնունդը պատրաստել այն ծավալով, որ հնարավորինս նվազեցվի պատրաստի սննդի թափոնների քանակը, հրահանգեց նաև խիստ ուշադիր լինել քրեակատարողական հիմնարկում սպառվող էլեկտրաէներգիայի, գազի, ջրի խնայողաբար օգտագործման հարցում:

Խորհրդակցության ավարտին Ա. Զեյնալյանը նշեց, որ հետևողական են լինելու տրված բոլոր հանձնարարականների պատշաճ կատարմանը, իսկ Ա. Մխոյանը ևս մեկ անգամ հանձնարարեց շարունակել կարգապահության բարձրացմանն ուղղված աշխատանքները, լինել բարեխիղճ և օրենքով իրենց վերապահված գործառույթները կատարել անթերի: