ՀՐԱՄԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

«12» ՕԳՈՍՏՈՍ 2019թ.                                                      N 4-L      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում փաստաթղթերի և նյութատեխնիկական միջոցների հանձնման-ընդունման գործընթացը կանոնակարգելու նպատակով` ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով.

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում և ենթակա քրեակատարողական հիմնարկներում փաստաթղթերի և նյութատեխնիկական միջոցների հանձնման-ընդունման կարգը՝ համաձայն հավելվածի (կցվում է) ։

2. Հրամանի կատարման վերահսկողությունը վերցնում եմ ինձ վրա:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի` 2015 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում և քրեակատարողական հիմնարկներում փաստաթղթերի և նյութատեխնիկական միջոցների հանձնման-ընդունման աշխատանքները կազմակերպելու մասին» թիվ 299-Լ հրամանը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ,
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ                                                       Ա.ԳՈՅՈՒՆՅԱՆ

 

«12» ՕԳՈՍՏՈՍ 2019թ.                                                         
ք. Երևան 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
քրեակատարողական ծառայության պետի
«12» ՕԳՈՍՏՈՍ 2019
թիվ 4-Լ հրամանի

 

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԵՎ ԵՆԹԱԿԱ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Սույնով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության (այսուհետ՝ քրեակատարողական ծառայություն) կենտրոնական մարմնում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ՝ քրեակատարողական հիմնարկներ) համապատասխան ծառայողների (աշխատողների) փոփոխության կապակցությամբ, ըստ համապատասխան վերաբերելիության՝ օպերատիվ հաշվառման գործերի և մյուս նյութերի ու փաստաթղթերի, անվանացուցակային գործերի, ծառայողների (աշխատողների) անձնական գործերի, վկայականների, անցագրերի, աշխատանքային գրքույկների, կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական գործերի, բոլոր տեսակի մատյանների և այլ փաստաթղթերի, ինչպես նաև կնիքների, դրոշմակնիքների, զենքի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և այլ նյութատեխնիկական միջոցների (այսուհետ, բոլորը միասին նաև՝ փաստաթղթեր և նյութատեխնիկական միջոցներ) հանձնման-ընդունման գործընթացը:

2. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների պետերի փոփոխության դեպքում փաստաթղթերի և նյութատեխնիկական միջոցների հանձնում-ընդունումն ապահովվում է քրեակատարողական ծառայության պետի հրամանով յուրաքանչյուր դեպքով ստեղծվող հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ հանձնաժողով):

Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի աշխատանքներին մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար կարող են ներգրավվել այլ ծառայողներ (աշխատողներ), մասնագետներ՝ ոչ որպես հանձնաժողովի անդամներ:

3. Քրեակատարողական հիմնարկում փաստաթղթերի և նյութատեխնիկական միջոցների հանձնում-ընդունումն ապահովվում է քրեակատարողական հիմնարկի պետի հրամանով յուրաքանչյուր դեպքով ստեղծվող համապատասխան հանձնաժողովի կողմից:

4. Փաստաթղթերի և նյութատեխնիկական միջոցների հանձնման-ընդունման արդյունքներով կազմվում է արձանագրություն (այսուհետ նաև՝ հանձնման-ընդունման արձանագրություն), որում ներառվում են՝ ըստ քրեակատարողական ծառայության գործունեության համապատասխան ոլորտների առանձնացված գլուխներում ընդգրկվող ներքոհիշյալ տեղեկությունները.

ա. օպերատիվ-հետախուզական գործունեության վերաբերյալ գործերի և մյուս նյութերի ու փաստաթղթերի փաստացի առկայությունը և համապատասխանությունը վերջին հաշվառման տվյալներին.

բ. ոչ գաղտնի մատյանների, գործերի և մյուս փաստաթղթերի փաստացի առկայությունը և համապատասխանությունը վերջին հաշվառման տվյալներին.

գ. գաղտնի մատյանների, գործերի և մյուս փաստաթղթերի փաստացի առկայությունը և համապատասխանությունը վերջին հաշվառման տվյալներին.

դ. անվանացանկային գործերի, ծառայողների (աշխատողների) անձնական գործերի, վկայականների, անցագրերի, աշխատանքային գրքույկների փաստացի առկայությունը և համապատասխանությունը վերջին հաշվառման տվյալներին.

ե. կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական գործերի և հաշվառման մատյանների փաստացի առկայությունը և համապատասխանությունը վերջին հաշվառման տվյալներին.

զ. ֆինանսական, նյութատեխնիկական փաստաթղթերի և մատյանների փաստացի առկայությունը և համապատասխանությունը վերջին հաշվառման տվյալներին.

է. ըստ համապատասխան վերաբերելիության՝ այլ փաստաթղթերի փաստացի առկայությունը և համապատասխանությունը վերջին հաշվառման տվյալներին.

ը. կնիքների և դրոշմակնիքների փաստացի առկայությունը և համապատասխանությունը վերջին հաշվառման տվյալներին.

թ. նյութատեխնիկական միջոցների փաստացի առկայությունը և համապատասխանությունը վերջին հաշվառման տվյալներին.

ժ. զենքի, ռազմամթերքի և հատուկ միջոցների փաստացի առկայությունը և համապատասխանությունը վերջին հաշվառման տվյալներին.

ժա. կապի և ահազանգման ազդանշանային ինժեներատեխնիկական միջոցների փաստացի առկայությունը և համապատասխանությունը վերջին հաշվառման տվյալներին.

ժբ. ըստ համապատասխան վերաբերելիության՝ այլ նյութատեխնիկական միջոցների փաստացի առկայությունը և համապատասխանությունը վերջին հաշվառման տվյալներին:

5. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի պետի փոփոխության կապակցությամբ կազմված հանձնման-ընդունման արձանագրությունը հաստատվում է քրեակատարողական ծառայության պետի կողմից:

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում հանձնման-ընդունման արձանագրությունը կազմվում է 1 (մեկ) օրինակից, ինչը որևէ գաղտնի տեղեկություն պարունակելու դեպքում պահվում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի առաջին բաժանմունքում, իսկ գաղտնի տեղեկության բացակայության դեպքում՝ ընդհանուր բաժնում:

Քրեակատարողական հիմնարկի պետի փոփոխության կապակցությամբ հանձնման-ընդունման արձանագրությունը կազմվում է 2 (երկու) օրինակից, որի մեկ օրինակը պահվում է քրեակատարողական հիմնարկի ընդհանուր բաժնում, իսկ մյուս օրինակը՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի առաջին բաժանմունքում:

6. Քրեակատարողական հիմնարկում (բացառությամբ քրեակատարողական հիմնարկի պետի փոփոխության դեպքի) հանձնման-ընդունման արձանագրությունը հաստատվում է քրեակատարողական հիմնարկի պետի կողմից:

Քրեակատարողական հիմնարկում փաստաթղթերի և նյութատեխնիկական միջոցների հանձնման-ընդունման արձանագրությունը կազմվում է 1 (մեկ) օրինակից (բացառությամբ քրեակատարողական հիմնարկի պետի փոփոխության դեպքի), որը պահվում է քրեակատարողական հիմնարկի ընդհանուր բաժնում:

7. Հանձնման-ընդունման արձանագրությունը կազմվում է ազատ շարադրանքով՝ տեքստային և (կամ) աղյուսակային ձևով՝ ըստ քրեակատարողական ծառայության գործունեության համապատասխան ոլորտներով առանձնացվող գլուխների:

8. Հանձնման-ընդունման ընթացքում փաստաթղթերի և նյութատեխնիկական միջոցների փաստացի առկայության և վերջին հաշվառման տվյալների միջև անհամապատասխանության դեպքերում այդ մասին նշվում է արձանագրությունում և հանձնաժողովի նախագահն անհապաղ, գրավոր զեկուցում է հանձնման-ընդունման արձանագրությունը հաստատող ղեկավար պաշտոնատար անձին՝ քրեակատարողական ծառայության պետին կամ քրեակատարողական հիմնարկի պետին:

9. Հանձնման-ընդունման արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի անդամների կողմից: Հանձնաժողովի անդամը կարող է ներկայացնել նաև հատուկ գրավոր կարծիք, որի մասին նշվում է հանձնման-ընդունման արձանագրությունում, իսկ հատուկ կարծիքը կցվում է նույն արձանագրությանը:

10. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների պետերի, քրեակատարողական հիմնարկների պետերի և քրեակատարողական հիմնարկների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների փոփոխության դեպքում հանձնման-ընդունման կատարումը պարտադիր է: